BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ռոբերտ Քոչարյանի նոր երրորդությունը, կամ՝ կապրենք՝ կտեսնենք

Ռոբերտ Քոչարյանի նոր երրորդությունը, կամ՝ կապրենք՝ կտեսնենք
02.06.2016 | 01:43

Երկու ամիս անց ապրիլյան պատերազմից հարցազրույց է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երկու ամսում եղել են իրադարձություններ, որ որոշակիորեն կապվում են միմյանց ու պտտվում են երկրորդ նախագահի շուրջ՝ կարուսելի ձիուկների նման՝ պատրաստ տեղից պոկվել, երբ կարուսելը միացնեն: Փաստացի անհամախումբ «Համախմբմամբ» Ռոբերտ Քոչարյանը ստացավ քաղաքական ուժ, որ կարող է օգտագործել ընտրություններում՝ քաղաքական խաղին մասնակցելու համար: Բայց Վարդան Մինասիչը Հայաստանի քաղաքական դաշտի համար տարօրինակ կերպար է՝ նա կարող էր հաջողություն ունենալ Արևմուտքում, բայց ոչ Հայաստանում, նրա խարիզման հետխորհրդային համակարգում չի աշխատում՝ նա չի կարողանում անհամախմբելին համախմբել, չի կարողանում բազմաշերտ մանևրել, չի կարողանում բոլորի շահերի բախում ստեղծել՝ հանուն իր անձնական կամ կուսակցական շահի:

Օսկանյանին պետք է կանոններով աշխատող քաղաքական դաշտ, որտեղ իր քաղաքական խոսքը կասի և հաստատ ոևէ հաջողություն կունենա: Ռոբերտ Քոչարյանը դա հիանալի գիտեր՝ ի սկզբանե, հենց այդ պատճառով էլ Օսկանյանի կուսակցությունը, որը, իհարկե, որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ (խաղի հաջողությունը պահանջում է պահել այդ պայմանը մինչև որոշակի պահ) երկար ժամանակ չէր ստեղծվում՝ կուսակցությունը պետք էր, բայց առաջին դեմքը չէր գտնվում: Երկու տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը բազում հանդիպումներ է ունեցել արտախորհրդարանական ու խորհրդարանական տասնյակ գործիչների հետ, բայց նրա սելեկցիան արդյունք չտվեց, և Վարդան Մինասիչը մնաց ասպարեզում միակը: «Համախմբումը» հայտարարվեց, բայց դեռ համագումար չի արել և Օսկանյանը պաշտոնապես չի ընտրվել կուսակցության նախագահ: Նրա հանդիպումները այս ու այն կուսակցության նախագահների հետ դաշնակցային դաշտի որոնումներ էին, բայց խնդիրը ոչ թե սոսկ դաշնակից ստանալն էր, այլ՝ հանրայնորեն ընդունելի դաշնակից: Չգտնվեց: Եվ այդ իրավիճակում Մոսկվայից վերադառնում է Սամվել Բաբայանը ու սկսում հարցազրույցներ տալ՝ գործող իշխանության քաղաքական, ռազմական ու ամբողջական սխալների մասին: Սամվել Բաբայանի անցյալի գործունեությունը մի կողմ թողնենք, ի՞նչ կարող է ու ի՞նչ պիտի նա անի ներկա իրավիճակում: Հայրենասիրությունը նրան պիտի դրդեր հենց ապրիլյան պատերազմի օրերին հայրենիք վերադառնալ, ոչ թե ամիսներ անց Երևան գալ: Սա նշանակում է, որ նա չի վերադարձել Ղարաբաղի համար, վերադարձել է Հայաստանի քաղաքական դաշտում խաղացող դառնալու նպատակով և իր հարցազրույցների թեմաներից ու տոնայնությունից դատելով՝ Սամվել Բաբայանը պիտի անի այն, ինչ չի կարողանում կամ չի ցանկանում անել Վարդան Օսկանյանը: Ռոբերտ Քոչարյանը ստացավ «ռազմական» բաղադրիչ իր խաղի համար, հետայսու Սամվել Բաբայանը առիթով ու անառիթ քննադատելու է իշխանությանը և ասելու է այն, ինչ պետք է Ռոբերտ Քոչարյանին, բայց Ռոբերտ Քոչարյանը չի կարող իրեն թույլ տալ ասել՝ լինելով ոչ միայն խոցելի, այլև՝ չցանկանալով հարաբերությունները ռազմական ռելսերի վրա դնել Սերժ Սարգսյանի հետ:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Վարդան Օսկանյանն ու Սամվել Բաբայանը լինելու են Ռոբերտ Քոչարյանի խոսափողերը՝ երբեք չընդունելով, որ իրենք անկախ չեն: Ռոբերտ Քոչարյանի երրորդությունը կազմվեց վերջնականապես, բայց, այնուամենայնիվ, դա այն շրջանակը չէ, որ երկրորդ նախագահը որոնում էր, որ նրան պետք է հաջողության համար: Երկուսն էլ իրենց անցյալում ունեն քաղաքական, իրավական ու քրեական փակագծեր, որ Սերժ Սարգսյանը հարկ եղած պահին չի հապաղի բացել: Ու հենց այդ նպատակով է Մոսկվան Հայաստան՝ Ռոբերտ Քոչարյանին աջակից գործուղել Սամվել Բաբայանին՝ ապահովելու փոխադարձ կառավարելիությունը թե իշխանական, թե ընդդիմադիր համարվող, բայց չեղող դաշտում: Այս համապատկերում է Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տալիս, որ… չքննադատի ոչ մեկին, բացի՝ Հովիկ Աբրահամյանից, և մտնելով վարչապետին իր տեղը ցույց տալու խաղի մեջ, որ հանկարծ չունենա վարչապետական լուրջ հավակնություններ երկու տարի հետո:

Նա համարյա կրկնում է պաշտոնական դիրքորոշումը, որ Ադրբեջանում թերագնահատեցին ԼՂՀ Պաշտպանության Բանակի մարտունակությունը, ագրեսիային դիմագրավելու Արցախի և Հայաստանի բնակչության պատրաստակամությունը, որ տեղի ունեցածը հաղթանակ կամ պարտություն պետք չէ գնահատել, որ «Ադրբեջանական զորքերը գրավեցին մեր դիրքերից մի քանիսը, սակայն ոչ մի ստրատեգիական խնդիր չլուծեցին: Ռազմական հաղթանակի էյֆորիան Բաքվում բացարձակապես անհիմն է: Մենք էլ չվերականգնեցինք կորցրածը, ինչը նույնպես լավատեսություն չի ավելացնում` անկախ կորստի չափերից, իսկ ռազմական գործողությունների 4 օրվա ընթացքում մեր մարդկային կորուստները մեզ համար անսովոր և անընդունելի մեծ են»: Սա սպասելի աջակցություն է Սերժ Սարգսյանին:


Սպասելի էր և ՀԱՊԿ-ի քննադատությունը, ո՞ւմ համար է գաղտնիք, որ ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ չի երաշխավորում ռազմական բալանսի պահպանումը, Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը: Սպասելի էր, որ երկրորդ նախագահը պաշտպանելու է Ռուսաստանին ու գտնելու է, որ «Ռազմական կոնֆլիկտի սրացումը ակնհայտորեն ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ դնում է նրան բարդ ընտրության առաջ՝ միջնորդի պարտավորությունները կատարելու, Հայաստանի ռազմական դաշնակիցը լինելու և Ադրբեջանի հետ հետագա մերձեցման ձգտման միջև»: Սպասելի էր, որ Ռոբերտ Քոչարյանը չի մեղադրելու Մոսկվային՝ նորագույն հարձակողական սպառազինության մատակարարումների համար Բաքվին, որ խախտեցին բալանսը, մեծացնելով պատերազմի հավանականությունը: Նա չի մեղադրում ոչ Ռուսաստանին, ոչ Հայաստանին, ընդամենը արջանագրում է, որ «Հայաստանը պետք է կարողանար կասեցնել ռուս-ադրբեջանական պայմանագրի իրագործումը, ամենաքիչը՝ սահմանափակել այն տեսականու առումով, կամ սինխրոնացնել դրա իրագործումը հավասարազոր մատակարարումներով դեպի Հայաստան: Փաստարկներն այստեղ առավել քան բավական էին: Ինձ հայտնի չէ, թե ինչպիսի հետևողականությամբ են իշխանությունները զբաղվել այդ հարցով, և ինչու դա հնարավոր չեղավ կանխել, այդ պատճառով զերծ կմնամ գնահատականներ տալուց»: Իսկ ՀԱՊԿ-ի մյուս գործընկերները պարզապես զրոյացվում են ու մնում է միայն Մոսկվան՝ այդպիսին է իրականությունը, և դա չի կարելի հաշվի չառնել:


Ռոբերտ Քոչարյանը բարձրացնում է դեռ անպատասխան մնացած հարցեր՝ ի՞նչն էր խանգարում ապահովել բանակը գիշերային տեսանելիության սարքերի, ջերմատեսների, գիշերային նշանառության սարքերի, կապի միջոցների և զորահավաքային ռեսուրսի անհատական պաշտպանության միջոցների բավական քանակով, նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում՝ «Անկախության 25-րդ տարում քաղաքացիների հայրենասիրական պոռթկումը պետք է ամրանա իշխանության համապատասխան մարմինների կոմպետենտությամբ և կազմակերպչական ներուժով: Պատերազմել հաջողությամբ այլ կերպ պարզապես հնարավոր չէ»:


Սա իրավիճակի գնահատման առարկայական կողմն է, բայց կա և քաղաքականը՝ Ռոբերտ Քոչարյանը հստակ սահմանազատվում է առաջին նախագահից ու նրա քաղաքական զինանոցից՝ «Լոզունգներով կամ կիսատ-պռատ խոսելու ցանկություն չունեի: Նախագահի հետ հանդիպում չնախաձեռնեցի, քանի որ նույնիսկ այդ իրավիճակում քարոզչական մեքենան աշխատում էր հանուն ներքաղաքական նպատակների: Մշտական կապի մեջ եմ եղել ԼՂՀ ղեկավարության հետ. այնտեղ էին այն ժամանակ ընդունվում բոլոր որոշումները: Եթե պատերազմը ձգվեր, իհարկե, կգնայի Ղարաբաղ, ընդ որում՝ տևական ժամանակով, առանց տեսախցիկների ու սելֆիների»: Ներքաղաքական հարցերը պատերազմի հաշվին լուծելու Լևոն Տեր-Պետրոսյանի մարտավարությունը փաստացի մերժելով, վարչապետից վերջնականապես սահմանազատվելով՝ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես միշտ, անպատասխան է թողնում՝ ինչ անել հարցը: Սա ոճ չէ, սա ախտորոշում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հանուն հետաքրքրության՝ կարդացեք նաև նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Bild-ին, որ վերաբերում է հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին, գնահատեք երկու հարցազրույցների տողատակերն ու տոնայնությունը:

Դիտվել է՝ 1297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ